Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

ՀՀԿ-ի հինգշաբթին

ՀՀԿ-ի հինգշաբթին
19.11.2015 | 11:32

Հինգշաբթի օրը ՀՀԿ-ն իր հերթական ԳՄ նիստը գումարեց: Ոչ մի կուսակցություն Հայաստանում այս հետևողականությամբ նիստեր չի անում և հանրությանը չի ներկայացնում՝ ինչ քննարկեց ու ինչ չքննարկեց: Իշխանության կյանքն էլ քաղցր չէ փաստորեն՝ ինչ անում ես, չես անում՝ բոլորին պիտի զեկուցես: Սա՝ ի դեպ: Նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, որ ՀՀ նախագահը «Մինչև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ը, իր կարծիքը հանրությանը հրապարակային կներկայացնի, և հավանական է, որ դա կլինի հեռուստաեթերում հարցազրույցի ձևով»: Չգիտես ինչու՝ լրագրողներին այս հարցը շարունակում է համառորեն հետաքրքրել, թեպետ քարոզարշավը սկսվել է, իսկ նախագահը Սահմանադրության մասին ոչինչ չի ասել ու արդեն իսկ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հաստատ մարզ առ մարզ չի շրջելու ու «Այո» չի քարոզելու: Նա, լինելով Սահմանադրության երաշխավորը, արդեն արել է գլխավորը՝ նոր սահմանադրություն է առաջարկել, մնացածը մյուսները պիտի անեն: Այսքանը Շարմազանովը չի ասել, բայց նա էլ կարող էր ասել, եթե իրեն թույլ տար դուրս գալ որոշակի շրջանակներից, որոնց մեջ դնում է իշխող կուսակցության մամլո խոսնակի պարագան: Փոխարենը կրկնել է՝ դեկտեմբերի 6-ին որոշողը բացառապես պետք է լինի ՀՀ քաղաքացին. «Ինչպիսի որոշում կլինի, ուրեմն դա է որոշումը մեզ համար: Մեր գործընկերները խորհրդարանում օգտագործեցին հաղթանակ և պարտություն միտքը: Սեփական ժողովրդի մեջ ոչ հաղթանակ է լինում, ոչ էլ պարտություն, մենք բոլորս մեկ նավի անդամներ ենք, մեր ժողովուրդը կորոշի, որ ճանապարհով ենք գնում, ինչ որոշում կկայացնի` 7-ին կգնանք այդ ուղղությամբ»:

ԱԺ փոխնախագահը բազում համայնքներում է եղել և վկայում է, որ հանրությունը շատ լավ գիտակցում է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը: Շարմազանովը խոսեց նաև «Հյուսիս-Հարավ» շոուի մասին՝ ընդգծելով, թե առաջին անգամ հայ իրականության մեջ առանց մոնտաժի հնարավորություն է տրվում քաղաքացուն իր կարծիքը հայտնել: «Ես շատ դրական եմ վերաբերվում, սա խոսքի, քաղաքական ազատության պայծառ օրինակ է»,- ասաց նա:
Բնականաբար՝ լրագրողներին հետաքրքրել է, թե ԳՄ-ում ինչ կարծիք ունեն երկրորդ նախագահի հարցազրույցի մասին: Նույնքան բնականաբար՝ ՀՀԿ մամլո խոսնակն ասել է, որ այդ հարցը ԳՄ-ում չի քննարկվել, փոխարենը հայտնել է անձնական կարծիքը. «Այս հայտարարության մեջ, բնականաբար, նախորդ տոնայնությունը չկար, տպավորությունն այն էր, որ սահմանադրական փոփոխությունների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ, քանի որ երկրորդ նախագահը նշում է, որ ըստ իրեն նպատակը գերկենտրոնացված իշխանությունն ապակենտրոնացնելն է: Ամենևին դա չէ մեր նպատակը, դրդապատճառը՝ այս բարեփոխումներով կայուն կառավարում ապահովելն է, անվտանգության կայուն համակարգ ունենալը, որտեղ չեն լինի նախագահի և մեծամասնության միջև հակասություններ, ինչը հնարավոր է կիսանախագահականի դեպքում»:
Նա անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի՝ Ղարաբաղի հարցի շուրջ արտահայտած տեսակետներին, մասնավորապես՝ շփման գծում լարվածության վերաբերյալ (եթե հայկական կողմի հայտարարությունները մնան խոսքի մակարդակով՝ իրավիճակը կլարվի): «Պետք է ասեմ, որ հարգարժան երկրորդ նախագահը գուցե չի տիրապետում ողջ ինֆորմացիային, հակառակ դեպքում դժվար նման հայտարարություն աներ»,- ասել է ՀՀԿ մամլո խոսնակը: Նա տեղեկացրել է, որ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն դեկտեմբերի սկզբին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ծանր դեկտեմբեր է սպասում մեզ՝ հանրաքվե, Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպում, որից առաջ ու հետո Բաքուն միշտ սկսում է ինտենսիվ կրակել: Դեկտեմբերի յոթ: Ձյուն էլ որ գա, ամեն ինչ իր տեղը կընկնի:

Դիտվել է՝ 1139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ